Իսրայելը դադարեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ համագործակցությունը
International newsԻսրայելը դադարեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ համագործակցությունն այն բանից հետո, երբ կազմակերպությունը Երուսաղեմի սրբավայրերի մասին բանաձեւ էր ընդունել, հայտնում է BBC–ն։
Իսրայելի կրթության նախարար Նաֆթալի Բեննետը ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային նամակ է գրել, որում կազմակերպությանը մեղադրել է այն բանում, որ վերջինս անտեսում է Երուսաղեմի հետ հրեաների հազարամյա կապը։ Նա ՅՈՒՆԵՍԿՕ–ին նաեւ մեղադրել է «իսլամական ահաբեկչությանն» աջակցելու մեջ։
Նախօրեին ՅՈՒՆԵՍԿՕ–ի 24 անդամ աջակցել էին «օկուպացված Պաղեստինի» մասին բանաձեւը։ Դեմ էր քվեարկել 6 երկիր, եւս 26-ը ձեռնպահ էին մնացել։ Բանաձեւը քննադատում է մուսուլմանների համար Երուսաղեմի սրբավայրեր հասանելիության սահմանափակումը։
Իսրայելում բանաձեւը վիրավորական են համարել։ Գործակալությունները հայտնում են, որ բանաձեւի տեքստում սրբավայրերը հիշատակվում են միայն մուսուլմանական անուններով։ Բացի այդ, Իսրայելը վիրավորված է, որ դրանում չի հիշատակվում այդ հուշարձանների նշանակությունը հրեաների համար։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն հայտարարել է, որ հրեաների եւ Տաճարի լեռան հրեական սրբավայրերից մեկի միջեւ պատմական կապը բացակայում է, ինչպես նաեւ կասկածի տակ է դրել Լացի պատ եւ հրեականության միջեւ կապը։
Պաղեստինյան կողմը ՅՈՒՆԵՍԿՕ–ի բանաձեւը գնահատել է որպես կոչ Իսրայելին՝ ճանաչելու անկախ Պաղեստինի պետության գոյությունը։