ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարած դեֆոլտի մասին
PoliticsՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանին դեֆոլտ է սպառնում, քննարկումների ալիք է բարձրացրել քաղաքական տարբեր հարթակներում: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն իհարկե համամիտ չեն Լ. Տեր-Պետրոսյանի հետ: Ինչպես լրագորղների հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահի գնահատականը բավական խիստ մոտեցում է.
«Դեֆոլտի համար կան պարամետրեր, որոնք, երբ նայում ենք համեմատության դաշտում, տեսնում ենք, որ այդ վտանգը չունենք: Իրոք, ունենք մտածելու խնդիր, որ մեր տնտեսության վիճակը բարելավենք, բայց դեֆոլտի վտանգ ես չեմ տեսնում»,-ասաց նա՝ հավելելով, թե տարիներ շարունակ այդ շահարկումները եղել են, նման հայտարարություններ հնչել են, բայց, որպես այդպիսին, տնտեսությունը դեֆոլտի չի գնում:
«Իհարկե, եթե մենք ճիշտ ռազմավարություն չվարենք, կարող ենք տարիներ հետո նման խնդրի առաջ կանգնել»,- մանրամասնեց Վահրամ Բաղդասարյանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀՀ արտաքին պարտքի բեռը մեծ է, Վ. Բաղդասարյանն ասաց. «Թույլատրելի սահմանում է ... Կարող եք համեմատություն անել տարածաշրջանի մյուս երկրների հետ: Ես նորմալ եմ համարում դա: Արտաքին պարտքի բեռի մեծացմանը զուգահեռ պետք է կարողանանք այնպիսի մոտեցումներ ցուցաբերել, որ աստիճանաբար կարողանանք թեթևացնել»: