Վարչապետն արդարացրել է ՀՅԴ-ի ակնկալիքները
PoliticsԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք տեղյակ են կառավարության ծրագրից, պատասխանեց, որ որքան ժամանակ է՝ կոալիցիայի մաս են կազմում։
«Մենք այսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը պետք է արտացոլեր ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի դրույթները:
«Գրեթե 90 տոկոս, եթե ոչ ավելի, հուշագրի բոլոր դրույթներն արտացոլված են կառավարության ծրագրում»,- շեշտեց դաշնակցական պատգամավորը:
Այն հարցին, թե ինչ մտահոգություններ ունեն կամ ինչ դիտարկումներ են արել հանդիպման ժամանակ, Ռուստամյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Մեր քննարկման ուղղությունը եղել է այն, որ հուշագրին համապատասխանի կառավարության այս ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին համապատասխանի, հակաճգնաժամային բնույթի քայլեր իրականացվեն, իրականությունը հենց այդպիսին է և այդ գնահատականով էլ վարչապետը ստանձնել է այս պաշտոնը»,- նկատեց նա: