Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը
PoliticsԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ կարևորում են ձեռք բերված համաձայնությունը՝ հայտնելով, որ առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկում, սակայն երկրորդ ընթերցման ռեժիմում պետք է շարունակվեն քննարկումները՝ իրենց մտահոգող հարցերի վերաբերյալ:
Ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով համաձայնագրի տակ ստորագրած բոլոր քաղաքական ուժերին հորդորեց կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը՝ հայտնելով, որ խնդրահարույց հարցերի շուրջ քննարկումները շարունակվելու են:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտնեց, որ իրենք առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը, սակայն պայմանով, որ անզգուշությամբ կեղծ քվեարկության վերաբերյալ սուտ տեղեկություն տալու համար քրեական պատասխանատվություն սահմանող դրույթը փոփոխության կենթարկվի:
Օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի ուժով ամրագրվում է քաղաքական համաձայնության արդյունքում ստորագրված համաձայնագիրը: Սահմանվում է, որ ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ընտրական ողջ գործընթացը կտեսանկարահանվի և կհեռարձակվի ուղիղ եթերում: Նախագծով խստացվում են նաև ընտրախախտումների և կեղծ քվեարկության վերաբերյալ սուտ տեղեկություններ տալու համար նախատեսված պատիժները: