Ղրղզստանի խորհրդարանում Սահմանադրության բնօրինակը չեն գտել
International newsՂրղզստանի խորհրդարանը չորեքշաբթի նախաձեռնել է երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե նշանակելու օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, որի ընթացքում պատգամավորները հայտարարել են Հիմնական օրենքի բնագրի բացակայության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քննարկման ընթացքում «Աթա Մեկեն» սոցիալիստական կուսակցության խմբակցության պատգամավորները դիմել են պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով տրամադրել երկրի Հիմնական օրենքի առաջին օրինակը, սակայն պարզվել է, որ մինչ օրս Արդարադատության նախարարությունում եւ նախագահական աշխատակազմում օգտվում են փաստաթղթի պատճենից:
Սոցիալիստները նաեւ պահանջել են հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Սահմանադրության բնօրինակը գտնելու համար:
Քննարկման ընթացքում նշվել է, որ 2014 թվականին Սահմանադրական դատարանը քննարկել է իրավապաշտպանների հայցը, որոնք պնդել էին, որ Սահամանադրության տեքստը փոխվել է եւ 2010 թվականին հանրաքվեի է դրվել այլ փաստաթուղթ: Այդ կապակցությամբ նրանք պահանջել էին Հիմնական օրենքում փոփոխություններ կատարել: Այդ ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորները որոշել էին մինչեւ 2020 թվականը փաստաթղթի մոջ որեւէ փոփոխություն չկատարել:
Հուլիսին Ղրղզստանի խորհրդարան անցած մի քանի կուսակցություններ՝ երկրի նախագահի գլխավորությամբ հանդես են եկել երկրի Սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնությամբ: Սակայն քաղաքական կուակցությունների մի մասը, այդ թվում՝ խորհրդարանական մեծամասնության կոալիցիայի մեջ մտած, կտրականապես դեմ են Հիմնական օրենքի բարեփոխմանը: