Իրաքի վարչապետը պաշտոնապես մերժել է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի գործողություններին
International newsԻրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ հանդիպումից հետո մերժել է Մոսուլի գործողություններին Թուրքիայի մասնակցության առաջարկը:
Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Ես գիտեմ, որ թուրքերը ցանկանում են մասնակցել: Մենք նրանց ասում ենք շնորհակալություն, սակայն դա մի բան է, որն իրաքցիները կարող են ինքնուրույն անել: Եթե օգնության կարիք լինի, մենք կխնդրենք Թուրքիային կամ այլ տարածաշրջանային երկրի»,- ասել է Աբադին Քարթերի հետ ճանապարհորդող լրագրողներին:
Ավելի վաղ Անկարա կատարած այցի ժամանակ Քարթերը հայտնել էր, թե կա համաձայնություն Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ: Այդուհանդերձ, ակնկալվում էր, որ թուրքական կողմի մասնակցության հարցը վերջնական պետք է քննարկվի Բաղդադում:
Իրաքի վարչապետի նման հայտարարությունը ենթադրում է, որ առաջիկայում Մոսուլի ազատագրման գործողություններին թուրքական կողմի մասնակցությունը հնարավոր չի լինի: