Քրդամետ կուսակցության առաջնորդը խոստացել է լքել քաղաքականությունը, եթե ապացուցվի Դիարբեքիրի բանտարկված քաղաքապետի մեղքը
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ օրեր առաջ ձերբակալված Դեիրաբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քաշընաքի մեղքն ապացուցող որևէ փաստաթուղթ դատախազությունում գոյություն չունի: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
«Այստեղից ուզում եմ հարցնել Թուրքիայի ներքին գործերի նախարարին, վարչապետին և նախագահին. Քաշընաքի մեղքի վերաբերյալ ի՞նչ ապացույց ունեք: Եթե բերեք գոնե մեկ ապացույց, որով կհավատացնեք մեզ, թե Գյուլթան Քաշընաքը դրամական աջակցություն է ցույց տվել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը, ապա ես խոստանում եմ լքել քաղաքականությունը», - հայտարարել է Դեմիրթաշը:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քաշընաքին ձերբակալել են ՔԱԿ-ի դեմ իրականացվող գործողությունների ընթացքում: Քաղաքապետը մեղադրվում է քրդամետ քարոզչություն անելու և քուրդ զինյալներին ֆինանսավորելու համար:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։