Կարելի է վերաուղղել անօթեւաններին. Վ. Արամյան
PoliticsԱյսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցադրում արեց. «Այդ ինչպե՞ս է, որ կառավարության ծրագրում կար դրույթ` աղետի գոտու շինարարության ավարտ մինչեւ 2017 թվականի վերջ, բայց հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակով գումար չի նախատեսվում»:
Նա նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս ծանո՞թ է Global Financial Integrity կազմակերպության զեկույցներին, որոնց համաձայն՝ Հայաստանից տարեկան 9-10 մլրդ դոլարի անօրինական արտահոսք է տեղի ունենում։
Հարցին ի պատասխան՝ Վ. Արամյանը նշեց. «Խոսքն արգելքը չի, մենք պետք է պահպանենք սոլիդարությունն ու կոռեկտությունը: Եթե կան խեղումներ, պետք է վերացնել: Նախկիններին անընդհատ քննադատելն ընդունելի չէ: Ես ունեմ իմ անելիքները: Մենք կանգնած ենք մի տեղ` օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառով եւ պետք է շարժվենք առաջ:
Ինչ վերաբերում է աղետի գոտու հարցին, ապա կասեմ, որ կան նաեւ այլ ծրագրեր, որ կարելի է վերաուղղել անօթեւաններին: Այդ ուղղությամբ ներքին քննարկումներ են տարվում, որ ոչ թե շինարարություն իրականացվի, այլ որոշեն՝ ո՞րն է ճիշտ` բնակարանների գնման վկայագրե՞ր (ԲԳՎ) տալ, թե՞ այլ լուծում գտնել, քանի որ կան բավականին բնակարաններ, որ դատարկ են»։
Նա իր հերթին հարցադրում արեց` խելամիտ է այդ գումարներով բնակարաններ կառուցե՞լը, թե՞ ավելի լավ է ջրատար կառուցել: Ինչ վերաբերում է GFI-ի զեկույցներին, ապա Վ. Արամյանը խոստացավ դրանց մեթոդոլոգիայի մասով տեղեկանք ներկայացնել։
«Տրված գնահատականներում ես խնդիր եմ տեսնում, մեզ համար գնահատված է մոտ 9 մլրդ արտահոսք, Վրաստանի համար` 14 մլրդ, Ադրբեջանի` 99 մլրդ»,- ասաց նա: