Ջենովան հայտնվել է ջրհեղեղի ճիրաններում. զոհվել է մեկ մարդ
International newsՎերջին օրերին Իտալիայի Ջենովա քաղաքում տեղացած հորդառատ անձրևները սաստիկ հեղեղման պատճառ են դարձել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, քաղաքի մի քանի շրջան մնացել է առանց էլեկտրականության, իսկ շատ շենքերի ստորին հարկերն ու նկուղները ջրով են լցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել է La Stampa թերթը:
Քաղաքի փողոցները վերածվել են ցեխի գետերի, որոնցում լողում են աղբն ու ավելի վաղ կայանված ավտոմոբիլները: Ստեղծված իրավիճակի պատճառով Ջենովայի իշխանությունները փակել են ավտոմայրուղու ելքերը և ավտոսիրողներին կոչ են անում ձեռնպահ մնալ ավտոմեքենաներով ուղևորություններից, քանի որ օրվա ընթացքում սպասվում են նոր տեղատարափ անձրևներ:
Ամբողջ գիշերվա ընթացքում կարաբիներները, ոստիկանները և հրշեջներն օգնություն են ցույց տվել բնակչությանը, շատ ընտանիքներ տարհանվել են իրենց տներից:
La Stampa-ն նշում է, որ հոկտեմբերի 10-ին փակ կլինեն բոլոր դպրոցները, համալսարանները և շուկաները, քանի որ նոր հեղեղումների սպառնալիքը պահպանվում է, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: