Հազարավոր ցուցարարներ պահանջում են Հարավային Կորեայի նախագահի հրաժարականը
International newsՍեուլում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել` պահանջելով երկրի նախագահ Պակ Կին Հեի հրաժարականը` երկրի պետական գործերին նրա մտերիմ ընկերուհու միջամտության շուրջ ծագած սկանդալի ֆոնին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ոստիկանության տվյալներով` բողոքի ցույցին 40 000 բնակիչ է մասնակցում: Սա Հարավային Կորեայի առաջնորդի դեմ տեղի ունեցող երկրորդ խոշորամասշտաբ բողոքի ակցիան է: Նմանատիպ բազմահազարանոց ցույց տեղի էր ունեցել նաև անցյալ շաբաթ:
Ցույցից հետո նախագահը ներողություն է խնդրել և արմատական վերադասավորումներ է իրականացրել երկրի ղեկավարության կազմում:
Սկանդալը ծագել է, երբ լրագրողները Սեուլի հյուրանոցներից մեկի աղբամանում պլանշետ են հայտնաբերել` 2012-2014 թվականների գաղտնի փաստաթղթերով, որոնց թվում նաև նախագահի ելույթների 44 սևագիր է եղել: Այդ սևագրերը հեղինակել է նրա ընկերուհի Չուվե Սուն Սիլը, որին ընդդիմությունը «գուշակ» է անվանում: Նրան կասկածում են երկրի պետական գործերին միջամտելու մեջ:
Հետաքննության տվյալներով` վերջինս ստիպել է ձեռնարկատերերին միլիոնավոր դոլարներ փոխանցել իր ենթակայության տակ գտնվող հիմնադրամներին: