Հասարակական տրանսպորտի ոլորտը կանոնակարգելը կարող է միայն նախընտրական խոստում լինել. Վահագն Խաչատրյան
PoliticsTert.am-ը գրում է,
Պետք է սպասել և հասկանալ, թե միասնական տոմսային համակարգ և մեկ օպերտոր ունենալու ինչպիսի ծրագիր է ներկայացվելու, գուցե ուղղակի ընտրություններից առաջ արվող հայտարարություններ են։ Tert.am–ի հետ զրուցում ասաց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարություններին մեկ օպերատոր, տոմսային միասնական համակարգ ունենալու մասին։
«Հասարակական, քաղաքային տրանսպորտը կանոնակարգելու խոստումներ կար և՛ 2009, և՛ 2013-ին, բայց այդպես էլ ոչինչ չիրականացվեց, այնինչ գործող համակարգն անընդունելի է»,-մանրամասնեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ մեկ օպերատոր ունենալու պարագայում նրա առաջ պետք է հստակ խնդիրներ դրվեն ՝որակի, գնային քաղաքականության, Էլեկտրոնային կառավարման մասով։
«Պետք է նաև մետրոյի ընդլայնում լինի, այլապես ինչ էլ անեն, դրանք միայն ժամանակավոր լուծումներ կլինեն, պետք է ավելացվի գոնե երկու կայարան Աջափնյակի, Դավթաշենի ուղղությամբ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նաև պետք է սակագնի ստույգ հաշվարկներ արվեն։
«Գծատերերը թանկացում էին պահանջում, պնդում էին՝ եթե չթանկացավ, իրենք կսնանկանան, բայց երեք տարի է աշխատում են, ոչ եթե գործարար են այլ ստրուկներ, ինչ ասվում է կատարում են, ինչպես գազի գնի պարագայում էր, հայտարարում էին վնասվում են աշխատում, հիմա սակագինն իջեցնում են, պետք մարդկանց ճիշտ հաշվարկներ ներկայացնեն»,– ասաց տնտեսագետը։
Վահագն Խաչատրյանը մանրամասնում է՝ շատ երկրներում միջինացված գին է սահմանվում, կամ գինը սահմանվում է ըստ ուղղությունների։ Նրա դիտարկմամբ՝ պետք է հասկանալ, եթե անցում կատարվի մեկ օպերատորի, ապա այս ուղղությամբ ինչ է արվելու։
«Շատ երկրներում նաև սակագնի մեջ համայնքային կամ պետական դոտացիա է լինում, որպեսզի մարդկանց գրպանին հարմար լինի»,– նշեց նա։
Ըստ տնտեսագետի ՝ կարևոր է նաև թե օպերատորն ով է լինելու, եթե նախագիծն իրականացվելու վարկային միջոցների հաշվին, ապա վարկ տրամադրողը կարող է նաև պարտադրել, թե ով է լինելու ծառայություն մատուցողը։