Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը
International newsNews Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը պատրաստ է Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ապահովման համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը։
Այդ մասին Բուխարեստում ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության վերաբերյալ անցկացված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն.
«Սև ծովի անվտանգությունը եվրոպական համընդհանուր անվտանգության համար առավել կարևոր պայման է։ Վրաստանը հուսալի գործընկեր է, որը հուսալի ձևով կատարում է իր վրա դրված առաքելությունը և պատրաստ է էլ ավելի ընդլայնել այդ համագործակցությունը»։
2016 թվականի հոկտեմբերի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքը մտադիր է 2017 թվականի փետրվարին վերջնականապես համաձայնեցնել Սևծովյան տարածաշրջանում ներկայության ուժեղացմանն ուղղված միջոցները և այդ գործընթացում ներգրավել Վրաստանին։ Որոշումն ընդունվել է 2016 թվականի հուլիսին Վարշավայում անցկացված դաշինքի գագաթնաժողովում։