Անկարան քննադատել է ԵՄ-ին
International newsԱնկարան քննադատել է ԵՄ-ին, մեղադրելով նրան Քրդական բանվորական կուսակցությանն աջակցելու մեջ։ Թուրքիայի ԱԳՆ–ի հիստերիայի պատճառը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունն էր ընդդիմադիր պատգամավորների ու լրագրողների կալանավորման կապակցությամբ։ Անկարան շտապել է հայտարարել, որ «պաշտպանելով ՔԲԿ-ին՝ ԵՄ-ն կորցրեց ահաբեկչության դեմ պայքարող մարտիկի իմիջը»։
«Մենք անընդունելի ենք համարում այսօր ԵՄ անունից հնչած հայտարարությունները։ ԵՄ-ն, որից մենք չենք ստացել ակնկալվող աջակցությունը հեղաշրջման փորձից հետո ու որը կողմնապահ վերաբերմունք է ցուցաբերում, համառորեն չի հասկանում, որ Թուրքիան մտահոգված է ահաբեկչության դեմ պայքարի հարցով։ ԵՄ-ն չի խուսափի իր պատասխանատվությունից՝ միայն դատապարտելով մեր երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները։ ԵՄ-ն կորցրել է ահաբեկչության դեմ պայքարողի իր իմիջը, քանի որ չի կարող ՔԲԿ-ին կոչ անել վայր դնել զենքը՝ թույլ տալով ահաբեկիչներին ազատ տեղաշարժվել եվրոպական երկրներում, անցկացնել հակաթուրքական քարոզչություն ու ցուցահանդեսներ բացել ԵԽ շենքում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ ԵՄ նման հայտարարությունները Թուրքիայի համար որեւէ նշանակություն չունեն, նշված է փաստաթղթում։
Ավելի վաղ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել էր, որ ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններով, այդ թվում մահապատժի արգելքը չեղարկելու քննարկումներով ու ընդդիմադիր պատգամավորների կալանավորումներով, ու կոչ է անում պաշտպանել ժողովրդավարական նորմերն ու մարդու իրավունքները այդ երկրում։