Էստոնիայի խորհրդարանը անվտահության քվե է հայտնել վարչապետին
International newsՌիյգիկոգուի (Էստոնիայի խորհրդարանի) լիագումար նիստի ժամանակ կայացել է քվեարկություն Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասին անվստահության քվե հայտնելու մասին։ Անվստահություն հայտնելու օգտին է քվեարկել 63 պատգամավոր, իսկ դեմ՝ 28, ձեռնպահ մնացողներ չեն եղել, փոխանցում է ERR–ն։
Այն բանից հետո, երբ վարչապետ Տաավի Ռիյվասը հրաժարվել է հոժարակամ հրաժարական տալ, անվստահության քվեն պաշտպանելու մասին հայտնել են նաեւ նրա կոալիցիոն գործընկերները ՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, Հայրենիքի միությունն ու Res Publica –ն։ Վարչապետի հրաժարականի համար անվստահության քվեն պետք է պաշտպանեին Ռիյգիկոգուի առնվազն 51 պատգամավորներ։
Անվստահության քվեն նախաձեռնողների կարծիքով Տաավի Ռիյվասն իր անվճռականությամբ Էստոնիային հասցրել է փակուղի, նրա ղեկավարությամբ կառավարությունը ունակ չէ լուրջ ու անհրաժեշտ որոշումներ կայացնել։ Ընդդիմությունը, մասնավորապես, Ռիյվասի կառավարությանը մեղադրում է ողջամիտ հարկային ու տնտեսական քաղաքականության բացակայության մեջ, ինչի հետեւանքով Էստոնիայի տնտեսական աճը չի հաջողվում դուրս բերել լճացումից։
Կառավարությունը նախկին կազմով կշարունակի իր աշխատանքը, քանի դեռ չի հաստատվել նոր կառավարությունը։ Նախագահ Քերսթի Կալյուլայդը արդեն իր մոտ է կանչել կուսակցությունների ղեկավարներին, որոնց հետ մտադիր է քննարկել ստեղծված իրավիճակը։
Դրանից հետո, ըստ Սահմանադրության, նախագահը 14 օր կունենա քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ընտրված թեկնածուին վարչապետի պաշտոնում հաստատելու համար։ Իսկ վարչապետն էլ իր հերթին 14 օր ժամանակ կունենա նոր կառավարություն ձեւավորելու համար։ Սահմանադրությունը նաեւ անվստահության քվե ստացած վարչապետին իրավունք է տալիս դիմել նախագահին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով։