«Ռոբերտ Քոչարյանը երեկվա հանրահավաքի պատվիրատուն էր»
PoliticsԵրեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերքեց ասեկոսներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն ունի հանրահավաքի հետ:
«Հակառակ հորինված բամբասանքների՝ ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն: Եթե նրանք ունեն ցանկություն՝ սարգսյանական ռեժիմի դեմ պայքարելու, մեզնից անկախ կամ մեզ զուգահեռ, թող պայքարեն ռեժիմի դեմ, մենք նրանց չենք խանգարի, անգամ շնորհակալ կլինենք»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Երեկվա հանրահավաքի՝ հասարակությանն ուղղված մեսիջների մասին, Լուրեր.com-ը զրուցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ:
Վերջինս նշեց, որ հանրահավաքին հետևել է լրատվամիջոցներով, հպանցիկ. «Սովորական հանրահավաք էր: 90 տոկոսը բերված ԲՀԿ-ի կողմից: Նոր ասված ոչինչ չկար»,- ասաց Մակեյանը:
Նրա խոսքով՝ միակ «նորն» այն էր, որ փորձ արվեց արդարանալ և ասել, որ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի.
«Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանն այս ամենի մեջ չկա: Այս արդարանալը նշանակում է, որ իրոք, Քոչարյանը հարթակում չկա, բայց Քոչարյանն այս հանրահավաքի պատվիրատուն էր: Երեկ Քոչարյանի «ընտանիքի» շահերը պաշտպանող հանրահավաք էր` ընդդեմ Սարգսյանի «ընտանիքի» շահերի»,- ասաց Մակեյանը: