Ժան Կլոդ Յունկերը եվրոպական բանակ ստեղծելու կոչ է արել
International newsԵվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը պնդում է, որ անվտանգության ոլորտում անհրաժեշտ է խորացնել եվրոպական երկրների համագործակցությունը, որը երկարաժամկետ հեռանկարում պետք է հանգեցնի ընդհանուր եվրոպական բանակի ստեղծմանը։ Անկախ ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքից, որտեղ Դոնալդ Թրամփն է հաղթել,ԵՄ-ն պետք է նորովի կազմակերպի իր պաշտպանությունը, համարում է Յունկերը, փոխանցում է DW–ն։
«Ամերիկացիները, որոնց մենք շատ բաների համար ենք պարտական, հեռանկարում չեն ապահովի Եվրոպայի անվտանգությունը»,- ասել է քաղաքական գործիչը։ «Այդ մասին մենք պետք է ինքներս հոգ տանենք։ Դրա համար էլ մենք պետք է ձեռնարկենք Եվրոպական պաշտպանական միություն կազմակերպելու նոր փորձ ՝ ապագայում եվրոպական բանակ ստեղծելու նպատակով»,- հայտնում է Յունկերը։
Ընդ որում Յունկերը շեշտել է, որ այդ ծրագրերը նպատակ չունեն ստեղծել Եվրոպայի Միացյալ Նահանգներ։ «Մարդիկ մեր երկրներում ամենեւին էլ չեն ուզում ապրել Եվրոպայի Միացյալ նահանգներում։ Եվ պետք չէ տպավորություն ստեղծել, որ Եվրոպան գնում է դեպի միասնական պետության ստեղծում»,- ասել է նա։
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ իր հերթին կողմ է արտահայտվել որպես ՆԱՏՕ-ի համալրում՝ պաշտպանական ոլորտում եվրոպացիների համագործակցության խորացմանը։ ԵՄ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են այդ հարցը հաջորդ շաբաթ։ Դեկտեմբերի կեսերին՝ ԵՄ գագաթնաժողովին կարող է որոշում կայացվել Եվրոպական պաշտպանական միություն ստեղծելու մասին։ Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան այլեւս չի խոչընդոտի այդ ծրագրերին, քանի որ մտադիր է լքել ԵՄ-ն։