Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել աղքատներից
International newsՀռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել բոլոր աղքատներից, որոնցից հաճախ երես են թեքում քրիստոնյաները, ու նրանց կոչ է արել պահպանել մարդկային արժանապատվությունը, հայտնում է «ՌԻԱ «Նովոստին»։
«Ձեզանից ներողություն եմ խնդրում քրիստոնյաների անունից, որոնք հանդիպելով աղքատությանը՝ չեն հիշում Աստվածաշնչյան պատգամները։ Ներողություն եմ խնդրում այն բոլոր դեպքերի համար, երբ քրիստոնյաները աղքատ մարդու տեսնելիս՝ երես են թեքում»,- ասել է Հռոմի պապը 22 երկրներից մոտ 4000 աղքատ մարդկանց մասնակցությամբ ընդունելության ժամանակ։
Այդ ընդունելությունը կայացել էր Վատիկանում Գթասրտության հոբելյանի շրջանակում, որը Ֆրանցիսկոս պապի որոշումով նշվում է 2015-ի դեկտեմբերի 8-ից մինչեւ 2016-ի նոյեմբերի 20-ը։
«Երբ շատ հարստություն ես ունենում, մոռանում ես աղքատների մասին։ Իսկ երբ աղքատ ես, ապա կարողանում ես օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր տառապում են։ Շնորհակալություն այս օրինակի համար»,- շեշտել է Ֆրանցիսկոսը։ «Աղքատներ՝ այո, ստրուկներ՝ ոչ»,- ասել է հովվապետը ու կոչ արել աղքատներին միշտ պահպանել մարդկային արժանապատվոթյունը։
Ընդունելությունը ավարտվել է «Հայր մեր» աղոթքով, որը Հռոմի պապը կարդացել է վեց անօթեւանների հետ։