Գերմանիայի կառավարությունը գերմանական տնտեսության համար բացասական հետեւանքներ չի ակնկալում Թրամփի հաղթանակից հետո
International newsԳերմանիայի կառավարությունը գերմանական տնտեսության համար որեւէ բացասական հետեւանքներ չի ակնկալում ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ «Մեծ Բրիտանիայի քաղաքացիների Brexit –ի վերաբերյալ անսպասելի որոշումից ու ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո համաշխարհային շուկաները որոշ անվստահություն են զգում, սակայն այսօրվա դրությամբ այդ երկու իրադարձություններից զգալի վնաս ակնկալել պետք չէ»,- ասվում է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է DW–ն։
Զեկույցում ասվում է, որ դատելով բոլոր նշաններից, գերմանական արտահանումը շարունակում է կարեւոր դեր կատարել համաշխարհային շուկայում։ «Գլոբալ տնտեսությունում առաջվա պես լավագույն ժամանակները չեն, սակայն իրավիճակը աստիճանաբար հստակեցվում է, այնպես որ արտահանման հեռանկարները մի փոքր լավանում են»,- ասված է հայտարարության մեջ։ Դրա հեղինակները նշում են նաեւ գլոբալ արդյունաբերական արտադրության աճ ամառային ամիսներին, նախեւառաջ զարգացող տնտեսությամբ երկրներում։