Պենտագոնը ԱՄՆ նախագահին խորհուրդ է տալիս Սիրիայում գործողությունները չհամակարգել ՌԴ–ի հետ
International newsԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը նոյեմբերի 11-ին հայտնել է, որ նախագահին խորհուրդ չի տալիս Սիրիայում գործողությունները համակարգել Ռուսաստանի հետ, քանի դեռ Մոսկվան չի սկսել «ճիշտ քայլեր անել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քարթերը հայտնել է, որ Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը «պարզապես սնում է բռնությունն» այդ երկրում։
«Ռուսները ամբողջովին աջակցում են նրանց։ Եվ ես խորհուրդ չեմ տալիս ԱՄՆ նախագահին աշխատել ռուսների հետ, քանի դեռ նրանք չեն սկսել ճիշտ քայլեր անել»,- ասել է նա։
Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ն առաջվա պես Սիրիայում իր գործողությունները Ռուսաստանի հետ չի համակարգում, Քարթերը ասել է «Մենք չենք կարող անել այն, ինչ պետք է արվի»։
Խոսելով Մոսկվայի հանդեպ Վաշինգթոնի ընդհանուր քաղաքականության մասին՝ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանը իրեն «ագրեսիվ է պահում Եվրոպայում, ինչպես Ուկրաինայում ու Վրաստանում էր»։
«Եվ մենք պետք է հստակ դիմակայենք Եվրոպայում ռուսական հավանական ագրեսիային»,- ասել է նա։