Երկու «Միասնության» հոգեւոր կապը
Politics1999թ-ին, երբ լուսահոգի Վազգեն Սարգսյանը նախաձեռնում էր «Միասնություն» դաշինքի ստեղծումը, գործ ունեինք քաղաքական սերնդափոխության ամենահավակնոտ հայտի հետ։ Այլ խնդիր է, որ Վազգենը տիրապետում էր պետական ահռելի ռեսուրսների եւ այդ գաղափարը մտադիր էր իրականացնել իշխանության «բացվածության» միջոցով։ Նաեւ ընտրված էր քաղաքական սերնդափոխության բանալին, ինչն ենթադրում էր սերունդների երկխոսության կայացումը։ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը «փակում» էր Հայաստանի պատմության վերջին 25 տարին՝ դառնալով Կառուցելու եւ Պաշտպանելու խորհուրդ։
17 տարի անց, վիճակն արմատապես տարբեր է։ Հիմա քաղաքական սերնդափոխության գաղափարը գործնականում մերժված է իշխանությունների կողմից ու իրականություն դառնալու շանս ունի միայն հանրային պարտադրանքով։ Քաղաքական սերնդափոխության գաղափարը օրակարգ է բերել դարձյալ «Միասնությունը», տվյալ դեպքում՝ այդ անունը կրող ու երիտասարդ գործիչներից բաղկացած համազգային շարժումը։ Ընդ որում, «Միասնություն» համազգային շարժումը քաղաքական սերնդափոխության իրականացումն, ըստ էության, պատկերացնում է երկխոսության ճանապարհով, ինչը ենթադրում է ակտիվ մասնակցություն խորհրդարանական ընտրություններին՝ նոր համակարգ ձեւավորելու կամ առնվազն՝ գործող համակարգին «բացվածություն» թելադրելու նպատակով։ Գրեթե կանխատեսելի է, որ առաջիկա ընտրություններին նոր որակ հաղորդելու է հենց ձեւավորվող շարժումը՝ նոր դեմքերով ու գաղափարներով։
Սարգիս Հակոբյան