ՀՀԿ-ին երկիշխանություն չի սպառնում. Շարմազանով
PoliticsՀայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է ղեկավարել կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կուսակցության համագումարից հետո սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ հարցին: «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու է ղեկավարել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Մնացածը կիմանաք համագումարի օրը»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով՝ համագումարի ընթացքում որևէ պատվիրակ չի կարող կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը: «Մենք երկար տարիներ աշխատելու ենք նրա ղեկավարության ներքո»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ համագումարից հետո կարող են կուսակցության ղեկավար երկու անձ լինել, որոնցից մեկը կլինի կուսակցության, մյուսը՝ խորհրդի նախագահը, Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ-ին երկիշխանություն չի սպառնում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ էլ եղել է մեկ ղեկավարի քաղաքական ուժ: