Թուրքիա այցելած Շտայնմայերն անընդունելի է համարել Գերմանիայի հասցեին Էրդողանի մեղադրանքները
International newsԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայում հանդիպել է իր գործընկերոջ` արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման ավարտին նախարարները մամուլի ասուլիս են տվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
Շտայնմայերը հայտնել է Գերմանիայի մտահոգությունները` կապված Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների և կալանավորումների, խոսքի ազատության սահմանափակումների հետ: «Խնդրում եմ Թուրքիայում այս ամենը չդիտարկել որպես «ամբարտավանություն կամ վերևից դաս տալու» փորձ»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:
Նա իր զարմանքն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության առնչությամբ, որում վերջինս ասել էր, թե «Գերմանիան ապահով երկիր է ահաբեկիչների համար»: «Չենք կարող ընդունել այս մեղադրանքը»,- հայտարարել է Շտայնմայերը, ով իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին՝ «ոչ այդքան հեշտ հանդիպման համար»:
Շտայնմայերը նոյեմբերի 15-ին հանդիպում է ունենալու նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Նրան հանդիպման հրավեր է ուղարկել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: