ՄԱԿ փորձագետ․ Ոստիկանությունը Հյուսիսային Դակոտայում ցուցարարների դեմ անհամաչափ ուժ է կիրառել
International newsԱՄՆ իրավապահ մարմինները անհամաչափ ուժ են կիրառել Հյուսիսային Դակոտայում ցուցարարների դեմ, որոնք փորձում են կանգնեցնել նավթախողովակի շինարարությունը այն տարածքով, որը հատկացված է եղել տեղի բնիկ ժողովուրդներին։ Այս մասին հայտնել է խաղաղ հանրահավաքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայն Քիաին։
ՄԱԿ-ի փորձագետը դատապարտել է Հյուսիսային Դակոտայի Ազգային գվարդիայի, իրավապահների ուժային գործողությունները ցուցարարների դեմ։ Նրա խոսքով ակցիաների ընթավքում կալանավորվել է մոտ 400 ցուցարար, որոնք հիմա պահվում են անմարդկային ու ստորացուցիչ պայմաններում։
Վերջին երկու շաբաթներին Հյուսիսային Դակոտայում լարվածությունը աճել է, մանավանդ այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը սկսել են ավելի կոշտ գործել ու քանդել են այն ճամբարը, որը ցուցարարները կառուցել էին նավթախողովակի շինհրապարակի մոտ։
Ընդունելով, որ բողոքի գործողությունները ուղեկցվել են նաեւ բռնության ակտերով՝ ՄԱԿ փորձագետը շեշտել է, որ պատասխան քայլերը պետք է համարժեք լինեն եւ չպետք է անդրադառնան խաղաղ ցուցարարների վրա։