Գովորուխինը «ռուսաստանցի» բառը զզվելի է անվանել
International news«Միացյալ Ռուսաստան»-ից Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը «ռուսաստանցի» բառը զզվելի է կոչել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես առայժմ այնքան էլ չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Գիտեմ, որ մենք բազմաթիվ դարեր ռուս ժողովուրդ ենք եղել, եւ հիմա էլ փաստացի ռուս ժողովուրդ ենք»,- «Ռոսիա 24» ալիքի եթերում հայտարարել է Գովորուխինը՝ մեկնաբանելով ռուսական ժողովրդի մասին օրենքի ստեղծման նախաձեռնությունը:
Ըստ Գովորուխինի՝ խորհրդային ժամանակներում մարդիկ իրենց խորհրդային ժողովուրդ էին կոչում, իսկ հիմա խորհրդային իշխանություն չկա, եւ Գովորուխինը չի հասկանում, թե «ովքեր ենք մենք»:
««Ռուսաստանցի» բառը զզվելի է: Գուցե այն մտել է բառապաշար, բայց «ռուսաստանցի» բառը նույնիսկ զուտ լեզվաբանորեն զզվելի է հնչում»,- հայտարարել է ռեժիսորը: Նրա խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ դարեր շարունակ երկրի բնակիչները, լինելով ռուս ժողովուրդ, հիմա ռուսաստանցի դառնան: