Հայաստանում ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն առաջադեմ փաստաթուղթ են համարում
PoliticsԵվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն առաջադեմ փաստաթուղթ է: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյան ը:
«Ստեղծվել է միասնական կանոնների ժողովածու և որոշակիորեն պարզեցվել են գործարարների համար պայմանները, ապահովվել է գործարար միջավայրի բարելավումը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:
Նա հավելեց, որ այդ տեսանկյունից կարևոր է տվյալ փաստաթղթի իրականացումը, որը վերջնական տեսքի բերելու համար շուրջ երկու տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել:
Փոխնախարարը կարևորում է նաև ԵԱՏՄ-ում դեղերի միասնական շուկա ձևավորելու մասով սահմանված ընթացակարգերի հաստատումը, ինչը ևս շատ կարևոր նշանակություն ունի: «Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ-ում դեղերի շրջանառությունը կլինի բավականին ազատ և սահմանափակումներ չեն լինի»,- ասաց Հովհաննես Ազիզյանը:
Նրա գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունում առկա են որոշ խնդիրներ, որոնք լուծելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ պետք է իրականացվեն: