Մաքքեյնը Թրամփին քննադատել է ջրով կտտանքները վերականգնելու մտադրության համար
International newsԱրիզոնա նահանգից հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ ահաբեկիչների նկատմամբ ջրով կտտանքներ կիրառելու մասին դրական արտահայտվելու համար, գրում է Politico շաբաթաթերթը։
Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզչության ընթացքում կողմ էր արտահայտվել ահաբեկիչների դեմ պայքարում արմատական մեթոդներին՝ այդ թվում կտտանքներին։ Ընդ որում Թրամփը նշում էր, որ դրական է վերաբերվում նաեւ ջրով կտտանքներին ու այն «չափից դաժան մեթոդ» չի համարում, գրում է պարբերականը։
Մաքքեյնն այս հայտարարությունն արել է նոյեմբերի 19-ին Վաշինգթոնում՝ անվտանգության հարցերով ամենամյա միջազգային ֆորումի ժամանակ՝, որին մասնակցում էին ԱՄՆ, Կանադայի ու Եվրոպայի երկրների անվտանգության ծառայությունների աշխատակիցներն ու փորձագետներ։ «Ես թքած ունեմ, թե ինչ է ուզում անել ԱՄՆ նախագահը։ Մենք ջրով կտտանքներ չենք կիրառելու։ Մենք մարդկանց կտտանքների չենք ենթարկելու»,- ասել է Մաքքեյնը՝ նշելով, որ ըստ Ժնեւյան հռչակագրի՝ կտտանքները ապօրինի գործողություններ են ու անցած տարի արգելվել են ԱՄՆ կոնգրեսի կողմից։
ԱՄՆ-ում կտտանքների կիրառման թեման օրակարգ էր մտել այն բանից հետո, երբ հրապարակվել են հարցաքննությունների ժամանակ ԿՀՎ կողմից կիրառվող ջրով կտտանքների մասին տեղեկություններ։ Նրանք այդ կտտանքների միջոցով փորձում էին անհրաժեշտ տեղեկություններ ստանալ կասկածյալներից ահաբեկչությանը նրանց մասնակցության մասին։
2014-ի դեկտեմբերի սկզբին սենատի հետախուզության հարցերով կոմիտեն ավելի քան 500 էջ է հրապարակել Ջորջ Բուշ կրտսերի օրոք ԿՀՎ-ի չարաշահոմների մասին զեկույցից, որտեղ ասվում էր նաեւ կտտանքների ու իշխանություններին ու հասարակությանը ապատեղեկատվություն տրամադրելու մասին։ ԿՀՎ ծրագիրը կոմիտեն ճանաչել էր ոչ արդյունավետ ու դաժան։