Գիտությունը դեռ չի կարողացել վերջնականապես ապացուցել՝ անսահմա՞ն է տիեզերքը, թե՞ ունի սահմաններ, այնպես որ տիեզերքի անսահմանության մասին պնդել չեմ կարող: Դրա փոխարեն, սակայն, կարող եմ ասել, որ մարդկային մտքի մաrազմատիկությունը անսահման է: Պատկերացրեք, մարդը իր մեծ շքախմբով, իր հաստավիզների ուղեկցությամբ եկել հասել է Ազատության հրապարակ, որպեսզի հայտարարի, թե ինքը կխոսի հաջորդ անգամ: Իսկ ինչու՞ էլի հաջորդ անգամ, ի՞նչն է փոխվելու մինչև հաջորդ անգամը, միգուցե Ծառուկյանը որոշել է քրքրե՞լ հայերենի արմատական ու բացատրական բառարանները՝ բացի «ասենք թե»-ից և «ինքնըստինքյան»-ից այլ նոր հետաքրքիր ու գեղեցիկ բառեր գտնելու և սովորելու ակնկալիքով, որպեսզի ելույթներն ավելի հետաքրքիր ստացվեն: Հնարավոր է:
«Հնարավոր է»-ն Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսն էր առաջ, և չգիտեմ, թե ինչ է մտածում Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի դարակազմիկ «ելույթի» մասին, սակայն ես Ծառուկյանի երեկվա պահվածքի վերաբերյալ իմ տպավորությունը կներկայցնեմ ընդամենը մեկ կարճ նախադասությամ՝ նա իր ընտրազանգվածի վրա ուղղակի «կայֆավատ» եղավ: Հիմա վերադառնամ Րաֆֆիին:
«Ժառանգության» առաջնորդի ելույթից հետո մի ուշագրավ պահ եղավ, որը լրատվական կայքերը իրենց պատրաստած տեսանյութերում վարպետորեն մոնտաժեցին: Ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես առաջարկում եմ մեկ-երկու րոպե լռություն, մոտենամ պարոն Ծառուկյանին, պարոն Տեր-Պետրոսյանին, որ կարողանանք հաջորդ քայլերի մասին մի փոքր խորհրդակցություն կատարել»: Րաֆֆին ասաց ու մոտեցավ, սակայն այդ 1-2 րոպեանոց խորհրդակցությունն այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև իր ասած պարոն Ծառուկյանն ու պարոն Տեր-Պետրոսյանը պարզապես իրեն արհամարհեցին, անտեսեցին, Ծառուկյանն էլ իր հերթին ձեռքով «թփթփացրեց» Րաֆիին ուսին՝ կարծես թե ուզում էր ասել՝ «լավ ա, լավ ա, ախպեր ջան», և անցավ առաջ ու մոտեցավ խոսափողին:
Եվ այս նվաստացումը տեղի ունեցավ 10 հազարից ավելի ցուցարարների աչքի առաջ, իսկ լրատվական կայքերում հրապարակված տեսանյութերում Րաֆֆիիի ելույթից հետո ձայնագրությունն ընդհատվում է: Փաստորեն, եռյակի լիդերներին նույնիսկ չի հերիքում այնչափ տակտի զգացողություն, որ կարողանան իրենք իրենց զսպել և իրենց հետևորդների ներկայությամբ միմյանց չնվաստացնել: Հովհաննիսյանի ընկճվածությունն այս միջադեպից այն աստիճան էր, որ նա նույնիսկ չմասնակցեց հանրահավաքին հաջորդած երթին: Ի դեմ, Գագիկ Ծառուկյանն էլ թեև երթին սկսեց մասնակցել, բայց երթի կեսից իր շքախմբով հանդերձ անհետացավ, անէացավ...
Դե իսկ 69-ամյա լիդերի մասին էլ չասեմ, նա, ինչպես միշտ, իր ռեպերտուարի մեջ էր, պարզապես յուրաքանչյուր ելույթ նախորդից մի փոքր ավելի անհեթեթ է լինում՝ համեմված էժանագին «տրյուկներով» Ամեն դեպքում, տարիքն իրենն ասում է: Նման կեցվածք և գործելաոճ որդեգրելով՝ այսօրվա ընհդդիմությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ իշխանություններն իրենց դեմ պայքարելու կարիք ընդհանրապես չունեն, կարող են նույնիսկ չանհանգստացնել, քանի որ ընդդիմությունն ինքն իր դեմ պայքարում է, զբաղվում ինքնոչնչացմամբ: Իհարկե, դա արվում է քայլ առ քայլ: Երեկ արվեց հերթական քայլը:
Կարեն Վարդանյան