Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մարոկկոյի արտաքին գործերի նախարարին
PoliticsՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպեց Մարոկկոյի ԱԳ նախարար Սալահեդդին Մեզուարին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Նախարարները մտքեր փոխանակեցին, մասնավորապես, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հետ կապված հարցերի շուրջ:
Անդրադարձ արվեց միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
Զրուցակիցները քննարկեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը, փախստականների խնդիրները:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգային հարցերի: