Եվրոպական խորհրդարանի որոշումն ի ցույց է դնում մեր երկրի հանդեպ Եվրոպայի թշնամական վերաբերմունքը. Թուրքիայի փոխվարչապետ
International newsԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ եթե Եվրոպան չկատարի Անկարայի հետ վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ պայմանավորվածությունները, ապա Թուրքիան կհրաժարվի հետընդունման մասին համաձայնագրից.
«Տեսնենք, թե ինչպես կգործի Եվրոպան, եթե Թուրքիան հրաժարվի ԵՄ-ի հետ պայմանավորվածություններից, թե ինչպես նրանք կլուծեն փախստականների ճգնաժամը։ Թուրքիայի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն անընդունելի է։ Այդ փաստաթուղթն ունի խորհրդատվական բնույթ, սակայն վիրավորական է Թուրքիայի համար և ի ցույց է դնում մեր երկրի հանդեպ Եվրոպայի թշնամական վերաբերմունքը։
Մեզ համար այդ բանաձևն ընդունելի չէ, և մենք հաշվի չենք առնում այդ որոշումը։ Եվրոպական խորհրդարանի որոշումը նաև ցուցիչ է, որ Եվրոպան Թուրքիայի հանդեպ կիրառում է երկակի ստանդարտներ։
Մի՞թե ԵՄ-ը մտածել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները կասեցնելու մասին, երբ Փարիզում որոշեցին մտցնել արտակարգ դրության ռեժիմ։ Ընդ որում՝ Թուրքիայում եղել են իրենց մասշտաբով ու հետևանքներով ավելի խոշոր ահաբեկչություններ՝ համեմատած Ֆրանսիայի հետ։
Բացի այդ, հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ։ Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին որոշումն ընդունել են միայն իշխանության զինված զավթման փորձից հետո։ Նպատակը նման փորձերի կանխումն է»։