Վարչապետն ու պաշտպանության նախարարը չեն լինի ՀՀԿ շարքային անդամներ. Շարմազանով
PoliticsՎարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չեն կարող լինել ՀՀԿ շարքային անդամներ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, թե ԳՄ-ն այս կազմով վերջին նիստն է գումարել, քննարկել են վաղը կայանալիք համագումարի հարցերը։ «Կուսակցության նախագահը ԳՄ ներկայացուցիչներին ներկայացրել է իր դիրքորոշումը, քննարկել ենք ծրագրային եւ կանոնադրական փոփոխությունները։ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծրագրային ելույթով, անդրադարձ է լինելու կուսակցաշինության աշխատանքներին, հասարակության եւ գործընկերների հետ ավելի բաց աշխատալեւ անհրաժեշտությանը»,- ասել է Շարմազանովը։
Խոսելով վարչապետի եւ Պնախարարի անդամակցության մասին՝ Շարմազանովն ասել է, թե նրանք չեն կարող լինել շարքային անդամներ։ «Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը կլինեն ՀՀԿ ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ: Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո եւ դրան զուգահեռ 7 հազար քաղաքացիներ անդամակցել են Հանրապետական կուսակցությանը»:
ՀՀԿ խոսնակն ընդգծել է, թե Գործադիր մարմնում կլինեն փոփոխություններ, ԳՄ-ն չի ունենա այս տեսքը, բայց Շարմազանովը չակերտները չբացեց։ «Սյուրպրիզներ չեն լինելու, ԳՄ-ն կահամալրվի եւ նոր՝ շատ լուրջ դերակատարում ունեցող կուսակիցներով»- ասաց Շարմազանովը՝ միայն ընդգծելով, որ կուզենան, որ ԳՄ-ում ընդգրկված լինեն վարչապետն ու Պնախարարը։