Թուրքիան պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում և կոչ անում Ասադին հեռանալ
International newsԹուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը Սիրիայում:
Reuters-ի հաղորդմամբ` ելույթ ունենալով Բեյրութում անցկացվող մամլո ասուլիսում` Չավուշօղլուն երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին մեղադրել է 600 000 մարդկանց մահվան մեջ և հայտարարել, որ նա այլևս չի կարող մնալ երկրի ղեկավարի պաշտոնում:
Թուրք նախարարը հիշեցրել է նաև, որ Անկարան բանակցություններ է վարում Մոսկվայի, Թեհրանի, Դամասկոսի և Բեյրութի հետ` փորձելով լուծում գտնել սիրիական հակամարտությանը: Թեև բոլոր կողմերը միակարծիք են այն հարցում, որ պետք է հրադադար հաստատել և հումանիտար օգնություն հասցնել բնակիչներին, Չավուշօղլուի խոսքով` նրանց միջև դեռևս խոր տարաձայնություններ են առկա:
Նախօրեին Թուրքիայի Ալանիա քաղաքում կայացել էր Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ժամանակ ի լրումն այլ հարցերի քննարկվել է նաև Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի՝ թուրքական զորքերի ներխուժման նպատակը Սիրիայում Ասադի տապալումն է: