Դանիայի իշխանությունները հետ են կանչում ԻՊ-ի դեմ գործողությանը մասնակցող ինքնաթիռները
International newsԴանիայի կառավարությունը դեկտեմբերի կեսին հետ կկանչի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի շրջանակներում պայքարին մասնակցող իր կործանիչները և տրանսպորտային ինքնաթիռը։ Դանիան, միաժամանակ, կընդլայնի Իրաքին տրամադրվող խորհրդատվական օգնությունը՝ ինժեներական և շինարարական աշխատանքներում:
Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին ասված է խորհրդարանի պատգամավորների հետ այդ հարցի վերաբերյալ խորհրդակցություններից հետո երկրի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Դանիայի իշխանությունները պատրաստվում են հետ կանչել F-16 յոթ ինքնաթիռ, որոնք մասնակցում են Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի գործողությանը:
Ընդունված որոշումը կառավարությունում բացատրել են Իրաքի համար խորհրդատվությունների և ականազերծման ուսուցման, ռազմական ինժեներային և վերականգնողական աշխատանքների անցկացման անհրաժեշտությամբ: