Օբամայի վերջին ակորդները
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահության վեջին օրերն օգտագործում է ոչ թե ի շահ երկրի բարօրության, այլ շարունակում է ՌԴ-ի, Իրանի հանդեպ որդեգրած կուրսը:
2016թ. նոյեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու վերաբերյալ օրինագիծ:
Իսկ դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Սենատը միաձայն հավանության արժանացրեց Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու օրինագծը:
Պատժամիջոցների երկարաձգման համար անհրաժեշտ է, որ այն ստորագրի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման պարագայում Իրանը կդադարեցնի իրականացնել միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները։
Զարիֆը նաև հայտնել է, որ պատժամիջոցների երկարաձգումը կարող է աշխարհի՝ ԱՄՆ նկատմամբ անվստահության հաստատման պատճառ դառնալ:
Չնայած Իրանի նախազգուշացումներին, Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ամենայն հավանականությամբ, ստորագրելու է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ օրինագիծը:
Դեռ դեկտեմբերի 2-ին տեղեկատվություն էր շրջանառվում, որ Իրանի խորհրդարանը ամերիկյան ապրանքների գնումն արգելող օրինագիծ է նախապատրաստում:
Ավելի ուշ, Իրանի Խորհրդարանն ամերիկյան ապրանքների ներկրման արգելքի մասին օրինագիծ ընդունեց՝ Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգմանն ի պատասխան:
Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռուհանի պահանջել է, որ ԱՄՆ նախագահը չստորագրի 10 տարով Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգումն և սպառնացել է դադարեցնել միջուկային համաձայնագրի իրանական կողմի պարտավորությունների իրականացումը:
Ռուհանին նաև հայտնել է, որ ԱՄՆ կողմից պատժամիջոցների երկարաձգումը խախտում է Իրանի և «վեցնյակի» հետ ձեռք բերված միջուկային գործարքի համաձայնագիրը:
Եթե ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման ստորագրի վերոհիշյալ պայմանագիրը, ապա վերջինս իր պաշտոնավարումը կավարտի նոր սկանդալով:
Նարինե Մեհրաբյան