Իտալիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
International newsԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է հրաժարականի մասին: Lenta.ru-ի փոխանցամբ` այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
Իտալական կառավարության ղեկավարը պաշտոնական խնդրանքով դիմել է երկրի նախագահին:
«Շնորհակալություն բոլորին և կեցցե՛ Իտալիան»,- գրել է Ռենցին:
Ռենցին հրաժարականի մասին հայտարարությունն արել է այն բանից հետո, որ երկրի խորհրդարանը հաստատել է հաջորդ տարվա բյուջեն:
Ռենցին երկրի վարչապետի պաշտոնից հեռանալու որոշման մասին առաջին անգամ հայտարարել էր, երբ դեկտեմբերի 4-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում իտալացիները հավանություն չէին տվել երկրի ղեկավարման համակարգում նրա առաջարկած փոփոխություններին:
Նախկինում երկրի նախագահը Ռենցիին խնդրել էր չհեռանալ, քանի դեռ կառավարությունը չի հաստատել 2017-ի պետական բյուջեն: