Թուրքական զորքերը Իրաքից դուրս կգան Մուսուլն ԻՊ-ից ազատագրելուց հետո. Յըլդըրըմ
International newsԹուրք զինվորականներն Իրաքից կհեռանան «Իսլամական պետությունից» Մոսուլ քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմարշավի ավարտից հետո։ ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին իրաքցի գործընկեր Հեյդար ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Մենք կհեռանանք Բաշիքա ռազմական ճամբարից: Թուրքական ուժերի առաքելությունը կավարտվի Մոսուլի ազատագրմամբ», - աղբյուրը մեջբերում է Յըլդըրըմի խոսքը:
Բացի այդ, թուրք վարչապետը հայտարարել է, որ Անկարան ձգտում է «ամրապնդել առևտրային և տնտեսական կապերը երկու երկրների միջև»:
Մոսուլը ԻՊ-ից ազատագրելուն ուղղված ռազմարշավը Իրաքի իշխանություններն սկսել են հոկտեմբերի 17-ին: Երկրի կառավարական ուժերից բացի ռազմարշավին մասնակցում են «փեշմերգա» քրդական զորամիավորումը և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային հակաահաբեկչական կոալիցիան: