Նեթանյահու․Իսրայելը ուզում է գազ մատակարարել Ադրբեջանի հետ ընդհանուր խողովակաշարով
International newsԻսրայելը դիտարկում է Ադրբեջանից Արեւմուտք կառուցվող խողովակաշարին միանալու հնարավորությունը, իսրայելական գազը շելֆային հանքավայրերից Միջերկրական ծով արտահանելու համար։ Այս մասին Բաքվում ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր մենք խոսում ենք ոչ թե ընդամենը Ադրբեջանից Իսրայել նավթի վաճառքի մասին, որը կազմում է մեր նավթային ներմուծման շատ կարեւոր մասը, այլ գազի արտահանման ընդհանուր ենթակառուցվածք օգտագործելու ու իսրայելական գազի արտահանումը Ադրբեջանից Թուրքիա կառուցվող մեծ խողովակաշարին միացնելու ներուժի մասին»,- ասել է Նեթանյահուն։
Նրա մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ճշգրտված չէ, թե ինչ նախագիծ նա նկատի ունի, բայց խոսքը կարող է լինել «Հարավային գազային միջանցքի» մասին, որը կառուցվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով Եվրոպա մատակարարելու համար։
Իսրայելը հնարավորություններ է փնտրում գազը շելֆային միջերկրածովյան հանքավայրերից ԵՄ շուկաներ արտահանելու համար։ Որպես հիմնական տարբերակներ քննարկվում են Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի, նաեւ Թուրքիայի տարածքով մատակարարումները, վերջինի հետ մի քանի ամիս առաջ համաձայնություն է ձեռք բերվել երկկողմանի հարաբերությունների կարգավորման մասին։