Ադրբեջանին կարող են հեռացնել «Հանքարդյունահանման ոլորտի թափանցիկություն» նախաձեռնության կառույցից
International newsՄիջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունն Ադրբեջանին քննադատող հերթական զեկույցն է հրապարակել, որում խիստ բացասական է որակել օրենսդրության մեջ արված այն փոփոխությունները, որոնք խստորեն սահմանափում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Հոկտեմբերի 14-15-ը Բիրմայում կայանալիք Հանքարդյունահանման ոլորտի թափանցիկություն նախաձեռնության (EITI) նիստի ժամանակ քննարկվելու է կառույցում Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու հարցը:
«EITI-ն պետք է ժամանակավորապես հեռացնի Ադրբեջանին կառույցից և հայտնի այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են անդամակցության վերականգնման համար: Անկախ հասարակական կազմակերպություններին ճնշելու համար Ադրբեջանի կատարած վերջին քայլերը ցույց տվեցին, որ այս երկիրն անտեսում է մարդու իրավունքներն ու պարտականությունները միջազգային թափանցիկության տեսակետից»,- հայտարարել է HRW-ի նախագահ Լիզա Միսոլը:
Իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ EITI-ն պետք է պահանջի Ադրբեջանից չարգելել քաղաքացիական հասարակության նախագծերի օտարերկրյա ֆինանսավորումը, դյուրացնել հասարակական կազմակերպությունների գրանցումը, կասեցնել չհիմնավորված քրեական գործերն արտասահմանյան դոնորների նկատմամբ, չվախեցնել քաղաքացիական հասարակությանը, ստեղծել հարմար պայմաններ լրագրողների, ակտիվիստների գործունեության համար, դադարեցնել ճնշումներն իրավաբանների նկատմամբ: