Ղրղզստանի նախագահը չի շտապում հեռանալ քաղաքական ասպարեզից
International newsԴեկտեմբերի 11-ին «այո» և «ոչ» տարբերակով քաղաքացիներն իրավունք ստացան իրենց կամքն արտահայտել և որոշել պետության քաղաքական ապագան: Կենտրոնական Ասիայի առաջին խորհրդարանական երկրում ընտրողների ձայների հաշվարկը ցույց տվեց, որ հանրաքվեին մասնակցել են քաղաքացիների 42,07 %-ը, որից 80%-ը «այո» է քվեարկել երկրի գլխավոր օրենքում փոփոխություններ կատարելուն:
Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է առաջին հերթին հանրապետության վարչապետի լիազորությունների ընդլայնում. կառավարությունն է նշանակելու և հեռացնելու նախարարներին՝ առանց նախագահի հաստատման, վարչապետն իրավունք է ստանում արգելակել օրինագծերը, որոնք վերաբերում են բյուջեի ծախսերին, և, վերջապես, վարչապետն ու իր տեղակալները պահպանում են պատգամավորական մանդատները, որը թույլ կտա նրանց քվեարկել խորհրդարանում, ինչպես նաև պաշտոնավարումից հետո վերադառնալ խորհրդարան: Հանրաքվեի արդյունքում հաստատված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017 թվականի դեկտեմբերից, երբ լրանա գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևի նախագահության ժամկետը:
Սահմանադրական բարեփոխումների ընդդիմադիրները կարծում են, որ սա ընդամենը պատրվակ էր նախագահի համար, որպեսզի 2017 թվականին իր լիազորությունները վայր դնելուց հետո կարողանա երկիրը ղեկավարել արդեն վարչապետի պաշտոնում:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն արդեն վեցերորդ տարին է, ինչ գտնվում է այդ պաշտոնում: Վերջերս նա հայտարարեց, որ մեկ տարի անց կթողնի նախագահի պաշտոնը: Այդպես է սահմանված նաև երկրի օրենքով. նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով և նույն անձը չի կարող երկրորդ անգամ վերընտրվել այդ պաշտոնում: Ատամբաևը հայտարարել է, թե չգիտի ում կընտրի ժողովուրդը, սակայն գլխավորն այն է, որ մեկ անձը չկարողանա շրջել երկիրը: Ավելին, հանրաքվեի օրը վերջինս հայտարարեց. «Ես երազում եմ և հույս ունեմ, որ ժողովուրդը կաջակցի հանրաքվեն, որպեսզի այն դրական տեղաշարժերը, որ կան մեր երկրում, դառնան անշրջելի»:
Վերջերս պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Ալմազբեկ Ատամբաևը աշխատանքային արձակուրդի է մեկնել: Նախագահը մտադրված էր այդ ժամանակն օգտագործել երկրի զարգացման նոր ռազմավարություն մշակելու համար:
Դատելով հայտարարություններից և իրադարձությունների օրինաչափությունից՝ պարզ է դառնում, որ գործող նախագահը դեռ անելիքներ ունի և չի շտապում հեռանալ քաղաքական ասպարեզից:
Վալյա Մարտիրոսյան