Իտալիան ԵՄ-ին նոր ճգնաժամի առաջ կկանգնեցնի
International newsԵվրամիությունն անընդհատ գտնվում է լարված իրավիճակում: Նախ Մեծ Բրիտանիայի՝ միության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն, իսկ այժմ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականն: Այս բոլորը լուրջ սպառնալիք են ԵՄ-ի գոյության համար:
ԵՄ-ի հանդեպ Իտալիայի վերաբերմունքը խորապես փոխվել է, ինչը պայմանավորված է այդ երկրում երկարատև տնտեսական լճացումով, եվրոյի ճգնաժամով և անօրինական արտագաղթով: 2008թ. ֆինանսական ճգնաժամից ի վեր Իտալիան կորցրել է արդյունաբերական արտադրանքի ավելի քան 25%-ը: Երիտասարդների շրջանում գործազրկությունը հասնում է 40%-ի: Զարմանալի չէ, որ իտալացիները այդ լճացումը կապում են եվրոյի ի հայտ գալու հետ: Որոշ տնտեսագետներ համոզված են, որ եվրոն մեծապես ազդեց Իտալիայի մրցունակության վրա և ավելացրեց պարտքի բեռը՝ թույլ չտալով տարադրամի արժեզրկման դիմել:
Իտալիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 132%-ը, որին պարտքի չափերով միությունում հաջորդում է Իսպանիան՝ (ՀՆԱ-ի 100%-ը), ապա Ֆրանսիան (ՀՆԱ-ի 97%-ը): 15 տարիների ընթացքում Իտալիայի ՀՆԱ-ի միջին աճը 0% է եղել, իսկ Ֆրանսիայինը՝ 0,5%-ից ցածր:
Շատերն արդեն կարծում են, որ Իտալիային եվրոն ձեռնտու չէ, որի պատճառով այն շուկայում մրցունակությամբ զիջում է գերմանական արտադրանքին (գլոբալ առումներով՝ նաև չինական): Eurasia Group-ի վերլուծաբան Ֆեդերիկո Սանտիի խոսքերով, այս թեման Իտալիայում արդիական էր դեռևս 2014թ-ից, երբ Ռենցին նշանակվեց վարչապետ:
Երկրում ընդդիմության շատ ներկայացուցիչներ հավատացած են, որ եվրոն ու Եվրոպան տարբեր բաներ են: Իտալական «Հինգ աստղի շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, Բեպպե Գրիյոյի գլխավորությամբ, ում հաջողությամբ էլ պայմանավորվեց նախկին վարչապետ Մատեո Ռենցիի պարտությունը, պնդում է, որ Իտալիան պետք է դուրս գա եվրագոտուց: Սա կարող է Իտալիայի և ԵՄ-ի համար լուրջ փոփոխությունների սկիզբ դառնալ, հատկապես, Brexit-ի ֆոնին:
Բացի այդ, Իտալիայի հանրաքվեն շատ ավելի ծանր հետևանքներ կունենա միության համար, քան Մեծ Բրիտանիայի դեպքում էր: Իտալիան եվրո է կիրառում, մինչդեռ Բրիտանիան ունի սեփական արժույթը: Այսպիսով, Brexit-ը, մեծ հաշվով, չի սպառնում միասնական արժույթին և ֆինանսական ճգնաժամի սպառնալիք չի պարունակում: Սակայն Ռենցիի սահմանադրական բարեփոխումների տապալմանը հաջորդող իրադարձությունները կարող են հանգեցնել դրան:
Իտալիայում վերջերս կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքում Մատեո Ռենցին հայտարարեց հրաժարական տալու մասին: Իտալացիների մոտ 60%-ը դեմ է քվեարկել երկրի ղեկավարի առաջարկած տնտեսական ու հարկաբյուջետային փոփոխություններին: Սակայն Իտալիայի քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ տեղի չունեցան: Նորանշանակ վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի ձևավորած կառավարության կազմը կրկնօրինակում է Ռենցիի կառավարությանն: Ամենայն հավանականությամբ, Ջենտիլոնին նաև կրկնօրինակելու է իր նախորդի առաջարկած տնտեսական զարգացման ծրագիրը, ինչը բողոքի մեծ ալիք կարող է բարձրացնել Իտալիայում:
Արդյունքում, Իտալիայի ահռելի պարտքը մարելու գործընթացը կդանդաղի, իսկ տնտեսական աճի հեռանկարները կմնան անորոշ:
Անի Գասպարյան