Թրամփը պատասխանել է ամերիկացիների հույսերի ավարտի մասին Միշել Օբամայի խոսքերին
International newsԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն չէ, որ նախագահական ընտրություններում իր հաղթանակը երկրում փոփոխությունների հարցում ամերիկացիների հույսերի ավարտ է նշանակում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին հայտարարել է USA Thank You Tour շրջագայության շրջանակում Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում ունեցած ելույթում:
Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Թրամփի ընտրվելն ավարտին է հասցրել «հույսերի եւ փոփոխությունների» դարաշրջանը, որոնց հաջողվել էր հասնել իր ամուսնու պաշտոնավարման տարիներին: Նրա խոսքով՝ հիմա ամերիկացիները զգում են, թե «ինչ է նշանակում հույս չունենալ»:
«Հակառակը, մենք մեծ հույսեր եւ հսկայական պոտենցիալ ունենք: Մեր երկիրը մեծ հեռանկարներ ունի ավելի, քան երբեւէ: Սցենարը դեռ չի գրվել»,- ասել է նորընտիր նախագահը:
Ըստ The Hill-ի՝ Թրամփը նաեւ նշել է, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Օբամա ամուսինները «զարմանալիորեն սիրալիր էին», եւ հավելել, որ առաջին տիկինը, «հավանաբար, այլ բան է նկատի ունեցել եւ սխալ է արտահայտվել»: