Նեպալում հրաժեշտ են տալիս ինքնավար նահանգի վերջին թագավորին
International newsՆեպալի մայրաքաղաք Կատմանդուում հրաժեշտ են տալիս Վերին Մուսթանգ նահանգի վերջին թագավորին: Ջիգմե Պալբար Բիստա թագավորը վախճանվել է ուրբաթ, 86 տարեկանում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա իր ոչ մեծ բուդդայական թագավորությունը կառավարել է ավելի քան 50 տարի: Վերին Մուսթանգ նահանգը, որն ընդամենը 80 կմ երկարություն ունի, Տիբեթի հետ սահմանին է գտնվում եւ ընդհանուր լեզվական ու մշակութային արմատներ ունի: Այն 15-րդ դարից ի վեր փոփոխությունների չի ենթարկվել:
2008 թվականին Նեպալում միապետությունը վերացել է, եւ նոր իշխանությունները պահանջել են թագավորական իշխանությունը վերացնել նաեւ Մուսթանգում: Ջիգմա Պամբար Բիստա թագավորն ընդունել է թագավորական իշխանությունից հրաժարվելու՝ կառավարության առաջարկը, պահելով «մշակույթի պահպանման խորհրդանիշի» կարգավիճակը: