Բրիտանիայում առաջարկում են, որպեսզի պաշտոնյաները երկրի արժեքներին հավատարմության երդում տան
International newsՄեծ Բրիտանիայում պետական բոլոր պաշտոնյաներն ու քաղաքացիական ծառայողները պետք է բրիտանական արժեքներին հավատարմության երդում տան: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի համայնքների եւ տեղական ինքնակառավարման հարցերի նախարար Սաջիդ Ջավիդը:
Sunday Times պարբերականում իր հեղինակային սյունակում Ջավիդը գրել է, որ հանրային հատվածում աշխատողները չեն կարող դրական դեր կատարել հասարակության զարգացման գործում, եթե չեն ընդունում նրա հիմնարար արժեքները:
Նախարարը դրանց թվում նշել է ժողովրդավարությունը, հավասարությունը եւ խոսքի ազատությունը:
Ջավիդի առաջարկը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով պետական հատվածում ծառայության է անցնում, պետք է հրապարակային հավատարմության երդում տա: Դա կարող է տարածվել նաեւ առողջապահության համակարգում եւ BBC կորպորացիայում աշխատողների վրա: