Փարիզում մահացել է քուրդ ակտիվիստների սպանության համար կասկածվող թուրք Օմեր Գյունեյը
International newsՓարիզում դատավարությունից մեկ ամիս առաջ գլխուղեղի հետ կապված հիվանդության պատճառով հիվանդանոցում մահացել է ազգությամբ թուրք Օմեր Գյունեյը, գրում է Deutsche Welle-ն:
Գյունեյը 2013 թվականին տեղի ունեցած սպանությունների գործով միակ կասկածյալն էր: Այդ ժամանակ Ֆրանսիայի մայրաքաղաքի թաղամասերից մեկում սպանվել էր երեք կին քուրդ ակտիվիստ՝ 28-ամյա Ֆիդան Դոգանը, 24-ամյա Լեյլա Սոյլեմեսը և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հիմնադիրներից մեկը՝ Սաքինե Ջանսիզը:
Նրանց մարմինները հայտնաբերվել էին Փարիզում գտնվող Քրդական տեղեկատվական կենտրոնում:
Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ ունեն տեսահսկման համակարգերից ստացված կադրեր, որտեղ երևում է, որ նա մտնում է հանցագործության վայր, բացի այդ, նրա վերարկուի վրա հայտնաբերվել են ԴՆԹ-ի ապացույցներ: Ֆրանսիական AFP գործակալության աղբյուրները հայտնել են, որ Գյունեյը թուրք ազգայնական է եղել, որը ներս է թափանցել ՔԱԿ-ի շարքերը, որպեսզի կարողանա լրտեսական տեղեկություններ ստանալ:
Ֆրանսիայից քննիչները նաև նշել են, որ կասկածում են՝ սպանությունների մեջ ներգրավված է եղել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը: Անկարան հերքել է այդ պնդումները: