Հյուսիսային Կորեան մերժել է ՆԱՏՕ-ի պահանջները
International newsՀյուսիսային Կորեան մերժել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը, որով Փհենյանից պահանջվում է հրաժարվել իր հրթիռամիջուկային ծրագրից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեայի տարակուսանքն է հարուցել այն փաստը, որ ՆԱՏՕ-ն, որի «որի հիմնական գործառույթը Հյուսիսատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովումն է, իր քիթը խոթում է Կորեական թերակղզու գործերի մեջ»:
Փհենյանը նշել է, որ այդպիսի պահանջ առաջադրելով՝ «ՆԱՏՕ-ն ապացուցում է, որ այդ ռազմա-քաղաքական դաշինքը վերածվել է ԱՄՆ-ի խամաճիկի»: Հայտարարության մեջ նշված է Կորեական թերակղզու գործերի առումով ՆԱՏՕ-ի ռազմավարների «լիակատար անտեղյակությունը»: «Այս կազմակերպությունը ներկայումս գործիքի դեր է կատարում, որը խախտում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»,- նշված է փաստաթղթում:
Գործակալության տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի ղեկավար մարմինը՝ Հյուսիսատլանտյան խորհուրդը, դեկտեմբերի 15-ի նիստում աջակցել է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագիրը դատապարտող հայտարարությանը, որում նշված էր, որ այս ասպարեզում Փհենյանի գործողությունները «խախտում են ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւին համապատասխանող միջազգային նորմերը եւ մարտահրավեր են չտարածման ռեժիմին»: