Մալթայի դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել ինքնաթիռը զավթած երկու լիբանանցիներին
International newsՄալթայի դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել երկու լիբանանցիներին, որոնք զավթած ինքնաթիռը Լիբանանից Մալթա էին հասցրել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մուսա Սախան եւ Ահմեդ Ալին դատարանում հայտարարել են, որ իրենց անմեղ են համարում: Նրանք դատարան էին ներկայացել զրահաբաճկոններով: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, ապա նրանց ցմահ ազատազրկում է սպառնում:
Afriqiyah Airways ավիաընկերության զավթած ինքնաթիռով նրանք Մալթա էին թռչել ուրբաթ: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո հանձնվել էին: Ուղեւորները եւ ինքնաթիռի անձնակազմը Լիբանան են վերադարձել շաբաթ օրը:
Սախան եւ Ալին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում են նաեւ հրազենի կաղապարներ պահելու, ինքնաթիռում մարդու դեմ բռնություն կիրառելու, պատանդներ վերցնելու, բռնության սպառնալիքների եւ կառավարության ֆինանսական ու տնտեսական կայունությունը խափանելու փորձերի մեջ:
Afriqiyah Airways-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռը զավթողները նախապես ցանկանում էին Հռոմ թռչել, սակայն վառելիքի պակասի պատճառով ստիպված էին վայրէջք կատարել Մալթայում: