Անընդհատ խոսել մի թեմայի մասին` առանց իրավական հիմքերի համապատասխան փաթեթի, ճիշտ չէ . Ա. Մինասյան
PoliticsԱսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով Ամուլսարի շահագործման նպատակահարմարության վերաբերյալ հարցերին, լրագրողներին ասաց, որ այս պահի դրությամբ օրենքի շրջանակներում անցկացված փորձաքննությունը տվել է շահագործման համար դրական գնահատական:
«Որպես Սահմանադրությունը հարգող ու Սահմանադրությամբ շարժվող մարդ՝ ցանկանում եմ գործել բացառապես օրենքի շրջանակներում, եւ եթե կա այլ իրավական հիմնավորում` վերանայելու այդ փորձաքննությունը, ուրեմն ես պատրաստ եմ դա քննարկել»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Անընդհատ խոսել մի թեմայի մասին` առանց իրավական հիմքերի համապատասխան փաթեթի, ճիշտ չէ: Իմ հորդորն է` ամեն ինչ տեղափոխել իրավական հարթություն: Ես խորին հարգանք ունեմ այն ՀԿ-ների, այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն այս խնդրի հետ կապված սեփական տեսակետ, առարկություններ, ովքեր անաչառ կերպով փորձում են վերլուծել ստեղծված վիճակը, բայց կարեւոր է, որ այդ կազմակերպություններից ստանանք նաեւ այլընտրանքային տարբերակներ»,- ասաց նա:
Ա. Մինասյանը նաեւ նշեց, որ փորձաքննության այն համակարգը, որն այսօր գործում է երկրում, գնահատվում է ոչ բավարար: Ըստ նրա` փորձաքննության համակարգը պետք է ուժեղացնել, հասցնել այն աստիճանի, որ հասարակության մոտ տարակուսանք, տարակարծություն չառաջանա փորձաքննության արդյունքների կապակցությամբ: