Stratfor. Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան կմիավորվեն Ռուսաստանի դեմ
International news2017 թվականին նախկին խորհրդային որոշ երկրներ, օրինակ՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, կարող են վերանայել Մոսկվայի հետ իրենց հարաբերությունները: Այս մասին գրել է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը:
«2017 թվականին Ռուսաստանը կարող է փորձել վերականգնել ազդեցությունը հետխորհրդային տարածքում: 2014 թվականին Եվրամայդանի իրադարձություններից եւ ուկրաինական կոնֆլիկտից հետո այն խարխլվել է, սակայն 2016 թվականին հակառուսական արեւմտյան ճակատը խախտվեց: Brexit-ը բացահայտեց Եվրամիությունում գոյություն ունեցող խորը խնդիրները, որոնք Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին թույլ չեն տա խորապես ինտեգրվել ԵՄ-ին եւ, հնարավոր է, կստիպեն անցնել Ռուսաստանի հետ ավելի պրագմատիկ հարաբերությունների»,- ասված է նյութում:
Օրինակ՝ Մոլդովայում նախագահական ընտրությունների արդյունքում ընտրված ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնը պարտավորվել է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ: Ուկրաինան եւ Վրաստանը հազիվ թե հետեւեն այս օրինակին, Ռուսաստանի հանդեպ նրանց քաղաքականությունը 2017 թվականին «կարող է ավելի պրագմատիկ լինել»:
Նյութում նաեւ նշվում է, որ նախկին խորհրդային որոշ երկրների արդեն կապված Մոսկվայի հետ: Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, հավանաբար, կխորացնեն համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այս երկրներից շատերն արդեն անվտանգության ոլորտում ինտեգրման խորացման համաձայնագիր են ստորագրել Մոսկվայի հետ:
Ըստ Segodnya.ua-ի՝ Եվրամիությունում խորացող ճեղքվածքը կարող է նաեւ ազդել բլոկի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ Բելառուսի եւ Հայաստանի հետագա ջանքերի վրա:
Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն հազիվ թե ամբողջությամբ դուրս գան եվրոպական սահմանային շրջաններից, այդ պատճառով Ռուսաստանը «գերակայություն» չի ունենա Եվրասիայի նկատմամբ:
Վերլուծաբանները նաեւ նշել են, որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ կբողոքեն Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման կամ թուլացման դեմ:
Միաժամանակ, Stratfor-ի գնահատմամբ, Արեւմուտքի կողմից աջակցության նվազման հեռանկարի ֆոնին Ուկրաինան եւ Վրաստանը կարող են փորձել միանալ հարեւան երկրների հետ, օրինակ՝ Լեհաստանի եւ Թուրքիայի՝ Կրեմլին դիմակայելու համար: Բայց Մոսկվան նույնպես, վերլուծաբանների կարծիքով, ամենայն հավանականությամբ, զգուշություն կցուցաբերի եւ չափազանց ագրեսիվ չի լինի այդ երկրների նկատմամբ: