Չինաստանում տղամարդուն մահապատժի են ենթարկել ավտոբուսը այրելու համար
International newsՉինաստանի Գուանսի-Չժուանյան ինքնավար շրջանի Նաննին քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել այն տղամարդուն, որն այրել էր ավտոբուսը, ինչի հետեւանքով մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել 2014-ի նոյեմբերի 21-ին Լյուչժոու քաղաքում։ Այն ժամանակ Սուն Յանիլին այրել էր ավտոբուսը, որից հետո թաքնվել հանցագործության վայրից։ Երկու ուղեւոր ծանր վնասվածք էր ստացել, եւս վեցը՝ թեթեւ, երեք ուղեւորներ էլ ՝ աննշան։ Տղամարդուն ձերբակալել էին նոյեմբերի 24-ին Ուչժոու քաղաքում։
Դատարանը վճռել է, որ նրա արարքը սպառնալիք է ստեղծել հասարակական անվտանգությանը, հասարակության վրա բացասական ազդեցություն թողել, ծանր հետեւանքներ ունեցել ու վտանգ պարունակել մյուս մարդկանց համար։ Դատարանը նաեւ նշել է, որ տղամարդը չի զղջացել իր արարքի համար, ինչով էլ հենց պայմանավորված է այսքան խիստ պատժամիջոցը։ Սուն Յանիլիին մինչ այդ զրկել էին նաեւ քաղաքական իրավունքներից։