Առատ ձյունը կաթվածահար է արել Ստամբուլի օդային և ճանապարհային երթևեկությունը
International newsԴեկտեմբերի 8-ին Turkish Airlines ավիափոխադրիչը հայտնել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից 471 միջազգային և բոլոր ներքին չվերթների չեղարկման մասին:
BBC-ի հաղորդմամբ` նախօրեին ավիաընկերությունը չեղարկել է 610 չվերթ: Դեկտեմբերի 6-ի երեկոյից մոտ 6 հազար ուղևոր տեղավորվել է հյուրանոցներում, իսկ դեկտեմբերի 8-ի դրությամբ Աթաթուրքի անվան օդանավակայանում հավաքվել է մոտ 20 հազար ուղևոր, որոնց, տեղական գործակալությունների տեղեկությունների համաձայն, ապահովում են սննդով:
Թուրքական Dogan գործակալությունը գրում է, որ ձյան առատ տեղումները խոչընդոտել են Ստամբուլի բնակիչների պլանները: Շատերը ստիպված են եղել թողնել իրենց ավտոմեքենաները ճանապարհին և գնալ ոտքով, իսկ ոմանք նախընտրել են մնալ ավտոմեքենաների մեջ` ավելի քան 10 ժամ սպասելով ճանապարհային պայմանների բարելավմանը:
Նշվում է, որ ձյան պատճառով դադարեցվել է Բոսֆորի նեղուց մտնող և դուրս եկող նավերի երթևեկությունը, իսկ դեկտեմբերի 8-ին դադարեցվել է նաև լաստանավային կապը Ստամբուլի եվրոպական և ասիական մասերի միջև:
Օդերևութաբանների տվյալների համաձայն` մոտակա օրերի ընթացքում Ստամբուլում կպահպանվի ցածր ջերմաստիճանը: