Թուրքիայում կրկին ակադեմիկոսներ են ձերբակալվել
International newsԴիարբեքիրի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նոր ձերբակալություններ է իրականացրել կրթության ոլորտի աշխատակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Դիարբեքիրի Դիջլեի համալսարանից ձերբակալվել է 26 մարդ, որոնց թվում են պրոֆեսորներ, դոցենտներ և դոկտորներ: Հայտնի է, որ նրանց տներում խուզարկում է իրականացվել:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները: